Ռուսաստանում ապաստան ստացած ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենն առցանց մամուլի ասուլիս է անցկացրել: Նրա պատասխանները հրապարակվել են freesnowden.is կայքում: ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի նախկին գործակալը նախատեսված մեկ ժամի փոխարեն հասարակության հետ շփվել է երկու ժամ: Սնոուդենը հայտարարել է, որ «լրտեսությունն ընդհանրապես վատ չի», սակայն նույնը չի կարելի ասել քաղաքացիներին գաղտնալսելու մասին:

Համացանցից օգտվողներից մեկը հարցրել է Սնոուդենին` վախենում է արդյոք նա իր կյանքի համար: «Ես գիտեմ, որ իմ կյանքին  վտանգ է սպառնում, սակայն ինձ չեն վախեցնի: Ճիշտ բաներ անելը նշանակում է չփոշմանել», — նշել է Սնոուդենը: Նա պարզաբանել է նաեւ, որ չի կարողանա ԱՄՆ վերադառնալ, քանի դեռ չի փոխվել հրապարակային բացահայտումներ կատարած մարդկանց պաշտպանության վերաբերյալ օրենքը: Նա նաեւ հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը, թե գաղտնաբառեր է գողացել եւ խաբել ծառայակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: