«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետեւանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության եւ իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաեւ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները  խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր եւ հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:

Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության համար պայքարող ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում եւ կիսում է Ուկրաինայի քաղաքացիների պայքարը, քանզի 2008թ. մենք եւս անցել ենք նմանատիպ բռնությունների միջով:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը եւ ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին եւ միջազգային կառույցներին հետեւողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին եւ տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի եւ կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իրեն հասանելի միջոցներով  աջակցություն ու զորակցություն հայտնել հանուն  ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության եւ իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու  համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին»: