Սերժ Սարգսյանը պետք է ձեռնպահ մնար Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճի մասին կարծիք հայտնելուց եւ այս դեպքում շահեկան դիրքում կհայտնվեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Եթե լռեր, կհայտնվեր դատավորի դերում, որը կարող է վճիռն ուշացնել: Համոզված էի, որ նախագահը չի արձագանքի այս բանավեճին, բայց իմ լավատեսական մոտեցումը սխալ էր: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կպատասխանի Քոչարյանը Սերժ Սարգսյանին»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին` արդյոք Սերժ Սարգսյանը կփոխի՞ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա փոխարեն վարչապետ կնշանակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քաղաքագետը պատասխանեց. «Համոզված եմ, որ չի փոխի, բայց խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերն արդեն ցանկանում են պահանջ ներկայացնել` փոխելու վարչապետին»:

Միեւնույն ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ խորհրդարանական այդ ուժերը ծառայում են իշխանություններին. «Ընդդիմությունն այժմ օգտագործվում է որպես ՀՀԿ-ի հրապարակախոս. ՀՀԿ-ն չունի մարդիկ, որոնք կարող են հրապարակայնորեն խոսել, դրա համար ԱԺ-ում օգտագործում են մյուս ուժերին, որոնք էլ թատերական ներկայացումներ են բեմադրում ամեն անգամ»: