ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ավազակ» է անվանել եւ կոչ է արել Բարաք Օբամայի կառավարությանը պաշտպանել Ամերիկայի շահերը:

Հաղորդվում է, որ հանրապետական Բեյները, որը Կոնգրեսում ներկայացնում է Օհայո նահանգը, քննադատել է ՌԴ ղեկավարին NBC հեռուսաալիքի «The Tonight Show» հեռուստածրագրի եթերի ժամանակ:

Նախագահ Օբաման «պետք է ընդդիմանա նրան եւ ավելի լավ պաշտպանի Ամերիկայի եւ մեր դաշնակիցների շահերը, հատկապես Արեւելյան Եվրոպայում»,-հայտարարել է Բեյները հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Պուտինը անհարգալից է վերաբերվում իր հարեւանների նկատմամբ, հաղորդում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ 2013-ին Բեյները մեղադրել էր Օբամային, որ վերջինս ավելի շատ ժամանակ է տրամադրում Վլադիմիր Պուտինի, քան Կոնգրեսի հետ բանակցություններին: Խոսնակը ենթադրել է, որ Օբաման երջանիկ է Պուտինի հետ բանակցություններ վարելով:

Ամերիկացի քաղաքական գործիչը պահանջել է վերանայել ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերբեռնման քաղաքականությունը, մեղադրելով ՌԴ նախագահին ԽՍՀՄ նկատմամբ ուժեղ նոստալգիայի մեջ: