Ադրբեջանցիների գրոհայինների հոսքը Սիրիա չի նվազում, նրանց թիվն, ընդհակառակը, մշտապես ավելանում է: Այս մասին հունվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ իսլամական ծայրահեղականները լուրջ գործունեություն են ծավալել Ադրբեջանում, եւ  գաղափարական վակուումի պայմաններում, որը երկրում ձեւավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, մեծ ազդեցություն ունեն բնակչության վրա:

 «Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի իշխանությունները  օգտագործում էին արմատական իսլամական խմբավորումներին, ինչն անհետեւանք չէր կարող մնալ: Այդ խմբավորումները երիտասարդության շրջանում լայն քարոզչություն են վարում», - հավելել է նա:

Ըստ Ասատրյանի` եթե նայենք վերջին իրադարձությունների ժամանակագրությանը ոչ միայն Սիրիայում, այլեւ մինչ այդ Աֆղանստանում, Պակիստանում, Մերձավոր Արեւելքում, կտեսնենք, որ բոլոր հակամարտություններում ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ադրբեջանի քաղաքացիների անուններ: Հիմնականում դրանք երիտասարդներ են: Ըստ փորձագետի` ադրբեջանցի գրոհայինները Սիրիայում ձեռք բերած փորձն օգտագործելու են Ղարաբաղի երկրորդ պատերազմն սկսվելու դեպքում:

 Փորձագետը նաեւ կարծում է, թե նրանք իրենց հետ կբերեն նաեւ այլ ազգերի  ծայրահեղական խմբավորումների, որոնց հետ կապեր են հաստատում Սիրիայում հակամարտության ժամանակ:

 Սարգիս Ասատրյանը նշել է, որ ադրբեջանցի վարձկանները Սիրիայի բանակի դեմ կռվում են հիմնականում Հալեպ նահանգում: Կա 2 պատճառ. Առաջին` Հալեպը Թուրքիայի սահմաններին մոտ է, եւ ադրբեջանցի ծայրահեղականները հեշտությամբ են Սիրիա ներթափանցում եւ վերադառնում, եւ երկրորդ, Հայեպը հայկական խոշոր համայնք ունի, եւ ադրբեջանցիները փորձում են օգտվել առիթից` նրանց դեմ նույնպես իրենց ուժերն ուղղելու համար: Փորձագետն ընդգծել է, որ Թուրքիան փորձում է ազատվել Մերձավոր Արեւելքում ազդեցիկ հայ համայնքից, եւ որ այդ փորձերին խառն են նաեւ ադրբեջանցիները: