2014թ. Հայաստանի զինանոցը կհամալրվի հեռահար գործողության եւ բարձր  ճշգրտության սպառազինությամբ:

«2014թ. ավարտին կհասցվի հեռահար գործողության եւ բարձր  ճշգրտության զենքերի ձեռքբերման գործընթացը», - հունվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սակայն չի հստակեցրել, թե հատկապես ինչ սպառազինության մասին է խոսքը:

Պատասխանելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին հարցին`  նախարարը նշել է, որ ոլորտը կարգավորվում է համաձայնագրերով, ինչը թույլ է տալիս սպառազինություն գնել ոչ միայն ներքին գներով, այլեւ հիմք է ստեղծում ռազմատեխնիկական համագործակցության համար, որը ենթադրում է համատեղ ընկերությունների ստեղծում, ընկերությունների միջեւ ուղղակի մատակարարումներ: Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմարդյունաբերության զարգացման համատեքստում այդ ոլորտը զարգանում է:

«Համատեղ ձեռնարկություններ ստեղծելը էլ ավելի կընդլայնի հնարավորությունները: Սակայն լայն արտադրության համար պետք է սպառողական շուկա: Այդ ուղղությամբ կատարվում են հետազոտություններ», - նշել է Ս. Օհանյանը: Նա հավելել է, որ Հակաօդային պաշտպանության միասնական համակարգը կատարելագործվում է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am