Ճապոնիան մտադիր է որքան հնարավոր է աևագ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Ռուսաստանը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիայի կարեւոր գործընկերն է: Մենք մտադիր ենք հնարավորինս արագ լուծել տարածքային խնդիրը եւ խաղաղության պայմանագիր կնքել», — Տոկիոյում խորհրդարանի 186-րդ նստաշրջանի իր ծրագրային ելույթում ասել է վարչապետը, գրում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, օրերս Աբեն հայտարարել էր, որ Ճապոնիան ձգտում է Ռուսաստանի հետ տարածքային վաղեմի վեճը լուծել այնպես, որպեսզի վերջապես կնքվի հաշտության պայմանագիր եւ վերջ դրվի Երկրորդ համաշխարհային պատերազմին: «Հաշտության պայմանագիր կնքելով` մենք կարող ենք վերհանել ռուս-ճապոնական հարաբերությունների չօգտագործված ներուժը: Մենք կցանկանայինք արագացնել բանակցությունները` հյուսիսային տարածքները հետ ստանալու եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար», — հայտարարել է Ճապոնիայի վարչապետը: Սինձո Աբեն նաեւ հուսով է այս տարի մեծացնել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու հավանականությունը եւ վերջինիս հետ լուծել «վստահության հետ կապված հարցերը»:




























