Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ եւ ներկայացրել քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները:
Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք կատարելու Երեւանի եւ Թուրքմենստանի քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Ցավոք, երկու պետությունների քաղաքների միջեւ այսօր փոխգործակցություն չկա եւ, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման եւ ամրապնդման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երեւանի եւ Թուրքմենստանի քաղաքների միջեւ եւս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, եւ ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու պետությունների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:




























