Հայաստանի տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվող սերիալներում նկարահանվող դերասանուհի 48-ամյա Աննա Գեւորգյանի` վրաերթի ենթարկվելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գործը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով` հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավի որպես մեղադրյալ:
Զրուցեցինք նաեւ Աննա Գեւորգյանի հետ, ով նշեց, որ հիասթափված է քննությունից, քանի որ այդպես էլ իրեն վրաերթ անողը չի հայտնաբերվել: Դերասանուհին ասաց, որ արդեն չէր էլ հետաքրքրվում գործի ընթացքից: Նա շեշտեց, որ հեշտությամբ հնարավոր կլիներ պարզել իրեն վրաերթ անողին, եթե ժամանակին վերցվեին տարածքի տեսախցիկների ձայնագրությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում Է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի կին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, նրան Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Հարուցվել էր քրեական գործ:
Նշենք, որ Աննա Գեւորգյանը ամուսնացած է, ունի 4 երեխա: Նա նկարահանվել է «Արմենիա», «Շանթ» եւ «Հանրային» հեռուստաընկերություններով հեռարձակվող մի շարք սերիալներում` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Աննա», վերջին անգամ նկարահանվել է «Գեներալի աղջիկը» սերիալում` Մարինայի դերակատար, այժմ խաղում է «Քույրերը» սերիալում` Ժաննայի դերակատար:




























