Ոստիկանության Գորիսի բաժնում հունվարի 23-ին տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին եւ Արթուր Հարությունյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին եւ պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է եւ վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի եւ Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վիտալիկ Մեսրոպյանին եւ Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ոստիկանությունը նաեւ հերքել է տարածված տեղեկատվությունը, թե դեպքը չի գրանցվել Գորիսի ոստիկանությունում:
Երեւանի քաղաքապետարանը խախտել է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները




























