Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունվարի 24-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյորը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ հայ-կանադական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում դինամիկ զարգանում են: Նախագահը նշել է, որ որոշակի աշխուժություն կա նաեւ առեւտրատնտեսական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը եւ դեսպան Քյորը համակարծիք են եղել, որ հիմնական հարցերի շուրջ երկու երկրները էական տարաձայնություններ չունեն եւ արդյունավետ փոխգործակցում են միջազգային կառույցներում: Այդ ամենը, նրանց համոզմամբ, նաեւ բարեկամ հայ եւ կանադացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող փոխադարձ համակրանքի, Կանադայի հասարակական-քաղաքական կյանքում իր որոշակի ներդրումն ունեցող կանադահայ համայնքի շնորհիվ է:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու եւ հայ-կանադական հարաբերություններն առավել ամրապնդելու հնարավորությունները: Այդ գործում նախագահը մեծապես կարեւորել է նորանշանակ դեսպան Ջոն Քյորի դերը եւ հաջողություններ մաղթել նրան իր պատասխանատու աշխատանքում: