«Ժամանակ» թերթը գրում է, որ դատախազության շուրջ բավական նուրբ ներիշխանական գործընթաց է ծավալվում։ «Ազգային ժողովն ու կառավարությունը միմյանց միջեւ փորձում են վիճարկել գլխավոր դատախազության հանդեպ որոշակի անուղղակի վերահսկողության հնարավորությունները։

Մասնավորաբար, ԱԺ-ի խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է սահմանել ԱԺ-ում գլխավոր դատախազի հաղորդման կամ հաշվետվության կարգ, իսկ կառավարությունը խստագույնս դեմ է հանդես գալիս այդ կարգին։

Խորհրդարանում այդ կարգը սահմանելու առումով հատկապես շահագրգռված են Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը հանդիսանում է իշխող ՀՀԿ-ի եւ ընդհանրապես իշխանական բուրգի առանձնահատուկ եւ առանցքային դեմքերից մեկը, այդ թվում, մասնավորապես, 2017-18 թվականների կոնտեքստում։

ԱԺ-ում գլխավոր դատախազի հաղորդումը կամ հաշվետվությունը պառլամենտական մեծամասնության համար մի լրացուցիչ լծակ է։
Բնական է նաեւ, որ 2017-18 թվականների կոնտեքստի մյուս առանցքային դերակատարներից մեկը՝ Տիգրան Սարգսյանը, դեմ է արտահայտվում Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Հարությունյանի՝ այդ լծակը ձեռք բերելու հեռանկարին, հասկանալով, որ դա կարող է նպաստել իշխանության ներսում ուժերի դասավորությունը հօգուտ Աբրահամյանի եւ Հարությունյանի փոխելուն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում