«168 ժամ» թերթը, անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավոր կասեցնելու մասին Սահմանադրական դատարանի որոշմանը, մասնավորապես գրում է. «ՍԴ երեկվա որոշումն ընդամենն իշխանությունների կողմից մարտավարական քայլ է, որի նպատակն է` մեղմել կամ չեզոքացնել այս համակարգի դեմ ծավալվող դժգոհության ալիքը:
Իշխանությունների հաշվարկը պարզ է: Նախ՝ ՍԴ-ի այս որոշումը բողոքողների մոտ որոշակի հույս կառաջացնի՝ թուլացնելով մինչեւ մարտի վերջ այս հարցով բողոքի ակցիաներին մասնակցելու շահագրգռությունը: Բացի այդ, մարտի վերջին-ապրիլի սկզբին, իսկ գուցե` ավելի ուշ (ՍԴ-ն բանավոր կարգով բողոքի քննարկումը կարող է ձգձգել այնքան, որքան պետք կլինի իշխանությանը), փետրվար ամսվա գազի ու մյուս կոմունալ վճարումները քաղաքացիներն արդեն կատարած, դրանց առթիվ ցասման հերթական չափաբաժինը սպառած կլինեն: Իշխանությունների որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է նաեւ Մարտի 1-ի գործոնը. եթե ՍԴ-ն չկասեցներ օրենքի գործողությունը, առաջիկայում բողոքի ակցիաները կավելանային՝ ընդգրկելով ավելի մեծ թվով քաղաքացիների, որոնք կամ որոնց մի մասը կարող էին միանալ Մարտի 1-ի զոհերի հիշատակին ամեն տարի անցկացվող հանրահավաքին կամ երթին:
Պետք չէ բացառել, որ այս որոշման վրա ազդել են նաեւ արտաքին ինչ-ինչ գործոններ, գուցե ղարաբաղյան հակամարտության հարցում առաջիկայում սպասվող ոչ բարենպաստ զարգացումները (ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են փետրվարին), որոնք կարող են ավելացնել դժգոհող զանգվածի քանակն Ազատության հրապարակում:
Մի խոսքով, ակնհայտ է, որ իշխանությունն այսկերպ փորձել է խուսափել գոնե մինչեւ ապրիլ հանրահավաքային պայքարի ծավալման հեռանկարից: Հետաքրքիր է, սակայն, թե ինչո՞ւ Ս. Սարգսյանն այդքան արագ «մատնեց» ՍԴ-ին՝ շատերին զրկելով օրենքը հակասահմանադրական ճանաչելու հույսից։
Իրականում Ս. Սարգսյանի այդքան օպերատիվ արձագանքն ուղղված էր ոչ թե քաղաքացիներին, այլ իշխանական համակարգին, որպեսզի վերջինիս ներկայացուցիչները ՍԴ-ի որոշումը հանկարծ չընկալեին` որպես քաղաքացիներին ընդառաջ գնալու, այսինքն՝ «հանձնվելու» նախանշան: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք պետք է ոչ միայն չոգեւորվեն ՍԴ-ի այս որոշումից ու դադարեցնեն պայքարը, այլ ճիշտ հակառակը՝ մինչեւ մարտի 28-ը բողոքի ալիքը հասցնեն այնպիսի մակարդակի, որ օրենքը ճանաչվի հակասահմանադրական»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























