Երեւանի Հաղթանակ թաղամասում հրդեհի բռնկումով տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնից:

1990 թ. ծնված Գ. Ք.-ն եւ 1990 թ. ծնված Ռ. Ս.-ն գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, առաջինի մոտ այրվածքային մակերեսը կազմում է 45 տոկոս, երկրորդի մոտ՝ 46 տոկոս: Նրանք այսօր հետազոտություններ կանցնեն, որպեսզի պարզ լինի բուժման դինամիկան: Կենտրոնից հայտնեցին, որ ամիսներ են պետք, որպեսզի նրանք երկուսն էլ ապաքինվեն:

Մյուս տուժածի վիճակը համեմատաբար լավ է:  Հիվանդանոցից նաեւ հայտնեցին, որ նրանք հարեւանների երեխաներ են, մոտ ընկերներ:

Հիշեցնենք, որ փրկարար ծառայությունը հունվարի 24-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Տավրիա» մակնիշի 35 VO 767 եւ «Մերսեդես» մակնիշի 78 UU 078 ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը՝ «Տավրիա» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել 1990 թ. ծնված Գ. Ք., 1990 թ. ծնված Ն. Ա., 1990 թ. ծնված Ռ. Ս. եւ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիատալվել Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները Ն. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ք.-ի եւ Ռ. Ս.-ի վիճակը՝ ծանր: