Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Կորեայում Սերժ Սարգսյանի հետ բուժման կուսր անցնելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Ղուկասյանն ասաց, որ լավ է, լավ է հանգստացել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինքը ինչ բուժման կուրս է անցել Կորեայում, ինչքան է արժեցել այն: Նա տեղեկացրեց, որ վաղը մեկնում է եւ ի վիճակի չէ խոսել: «Ես հեռախոսով որեւէ հարցի չեմ պատասխանում, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր ներկայացրեք, ցտեսություն»,- ասաց ԼՂՀ նախկին նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 9-17-ին այցելել է կորեական հիվանդանոց, որտեղ երիտասարդացման բուժման կուրս է անցել:

Ինչպես հաղորդում է english.chosun.com-ը, հիվանդանոց այցելությունների ընթացքում Սերժ Սարգսյանին ուղեկցել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ռուսաստանցի հայ գործարար Արա Աբրահամյանը: Պատվիրակության ներկայացուցիչները մեկ շաբաթ շարունակ ամեն օր այցելել են հիվանդանոց եւ բուժման կուրս անցել, այդ թվում ցողունային բջիջների, ծերացման դեմ, մերսումների եւ քաշի վերահսկման: 

Հիվանդանոցի անձնակազմի խոսքով՝ Սարգսյանին ուղեկցել է ազգային անվտանգության ծառայությունը: Խումբը բուժման համար վճարել է 200 մլն կորեական վոն (մոտ 186 հազար դոլար):