Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ ոստիկանություն չդիմելու պատճառն այն է, որ ոչ պարոն քաղաքապետը, ոչ նրա ընտանիքից որեւէ մեկը մամուլում հրապարակված դեպքին ականատես չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
Նա շեշտեց, որ այդ ժամին քաղաքապետը Հայաստանում էլ չի եղել: Հարցին, թե սա սպառնալիքների առաջին դեպքը չէ, ինչպես կմեկնաբանի ոստիկանապետի հայտարարությունը՝ քաղաքապետին վախկոտ կամ գողական մեղադրելու մեջ, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն կարող ենք ստանալ ոստիկանությունից: Դիտարկմանը,թե հնարավոր է Սամվել Բալասանյանը վախենում է Վարդան Ղուկասյանից կամ գուցե չի վստահում ոստիկանությանը, այդ պատճառով էլ չի դիմում, Զոհրապ Եգանյանն ասաց հետեւյալը. «Մենք վախենում ենք եւ մեր թշնամիներն են միայն Գյումրիում տիրող աղքատությունը, ժողովրդի որոշակի շերտի մոտ առկա սոցիալական վիճակը, այլ թշնամիներ եւ վախեր մենք չունենք»:
Նշենք, որ «Գալայի» փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ խորհրդակցություն է անցկացրել նաեւ Շիրակի մարզի պաշտոնյաների հետ՝ Շիրակի մարզպետարանի դահլիճում:
Ոստիկանապետը, անդրադառնալով Սամվել Բալասանյանին, նշել է հետեւյալը. «Եթե մի համայնքի ղեկավար, լինելով քաղաքապետ, ինքն է խուսափում հայտարարություն տալ ոստիկանությանը, ես էլ ի՞նչ ասեմ: Չի կարելի հասարակությունը, քաղաքը, շրջանը բերել պատշաճ որակի, եթե համախմբված աշխատանք չի գնում: Ես ձեզ վառ օրինակ ասեմ, եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն, և այլն… »:
Սամվել Բալասանյանը, իհարկե, ոստիկանապետին չի պատասխանել, իսկ վերջինս եւս քանի անգամ ավելի կոպիտ որակումներով եւ արդեն առանց անունների նույն միտքը մի քանի անգամ է կրկնել՝ ասելով, որ եթե համայնքապետը վախենում է, մտածում է վատամարդ չլինելու մասին կամ էլ մտածում է գողական, որ իր տունն իր ամրոցն է եւ վերջ, ուրեմն իր երեխաների եւ ապագա սերունդների աչքերին նայելու իրավունք չունի:




























