Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը ուղարկվել է դատարան:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը: Գործը կքննվի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Կապան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ, մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 1-ին:
Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:
Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Քրեական գործը հարուցվել էր 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով:




























