Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը զբաղեցրած պաշտոնից ազատել է Կիեւի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովին։ Այս մասին ասված է հունվարի 25-ի թիվ 45 հրամանագրում:

Նոր քաղաքապետ է նշանակվել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Մակեենկոն:

48-ամյա Մակեենկոն Ռեգիոնների կուսակցության Գերագույն ռադայի պատգամավոր է եւ խորհրդարանի  դատավարական հանձնաժողովի նախագահ:

Բացի դրանից, Յանուկովիչը տեղերով փոխել է նախագահի խորհրդական Անդրեյ Պորտնովին եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Ակիմովային, հաղորդվում է նախագահի կայքում:

Ավելի վաղ Յանուկովիչն աշխատանքից հեռացրել էր իր աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեւոչկինին` նրան նշանակելով իր խորհրդական: Աշխատակազմի ղեկավար է նշանակվել Անդրեյ Կլյուեւը: Յանուկովիչն  ուրբաթ օրը աշխատանքից հեռացրել էր նաեւ Ուկրաինայի ԶՈՒ-ի ցամաքային զորքերի հրամանատար Գենադի Վորոբյովին:

Նշենք, որ հունվարի 24-ին նախագահը խոստացել էր պաշտոնանկ անել Պոպովին: