«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը մառախուղի պատճառով է հետաձգել հունվարի 25-ին նախատեսված «Վճարում ենք 50 դրամ» ակցիան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը:

«Էդ պահին ահավոր մառախուղ էր, տեսանք, որ փողոցներում գրեթե մարդ չկար: Որ դուրս գայինք, իզուր ժամանակ էինք կորցնելու, էֆեկտիվություն չէր ունենալու: Մեր աշխատանքը գնահատելով` որոշեցինք հետաձգել»,- ասաց ՆՔՄԿ ղեկավարը։

Զախարյանի խոսքով` ձմռան օրերին քչերն են համաձայնում մասնակցել բողոքի երթի. «Էսօր ձմեռ է, մարդիկ մի քիչ հետ են վարժվել, պայքարի ոգին մարել է իրենց մոտ, բայց պետք է քիչ-քիչ թեժացնել»:

Չնայած ակցիան հետաձգվեց, Անի Զախարյանը տարբեր երթուղայիններում մարդկանց հորդորել է 50 դրամ վճարել:

«Հասկացա, որ մարդիկ ուզում են 50 դրամ վճարել, բայց խղճում են վարորդներին, այն վարորդներին, ովքեր երթուղայինի մեջ ժամերով քննարկում են իրենց ընտանեկան խոհանոցը ամենագռեհիկ լեքսիկոնով, հրաժարվում են հաշմանդամներին վերցնել»,- ասաց Անի Զախարյանը:

«Վճարում ենք 50 դրամ» ակցիան տեղի կունենա այն օրը, երբ եղանակային բարենպաստ պայմաններ կլինեն:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Անի Զախարյանը երթուղային տաքսիներից օգտվելիս վճարում է 50 դրամ՝ բողոքելով հանրային տրանսպորտի վատ պայմանների դեմ եւ պահանջելով կամ բարելավել տրանսպորտի պայմանները, կամ իջեցնել ուղեվարձը։