Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անհանգստություն է հայտնել Ուկրաինայում  կառավարական շենքերի գրավման կապակցությամբ եւ Արեւմուտքին կոչ արել հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Ուկրաինայում կատարվող իրադարձություններին:  Այս մասին նա ասել է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: 

«Լավրովը խոր անհանգստություն է հայտնել այդ երկրի իրավիճակի, այդ թվում՝  Ուկրաինայի արեւմտյան մարզերում կառավարական շենքերի գրավման, ինչպես նաեւ արեւմտյան գործընկերների կողմից համապատասխան արձագանքի բացակայության կապակցությամբ», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

«Անհանգստություն են հարուցում նաեւ ազգայնական տրամադրությունների աճը, այդ թվում նաեւ Մայդանի որոշ ակտիվիստների հակասեմական կոչերը, որոնց մասին անհասկանալի պատճառներով Եվրոպայում լռում են», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Լավրովը Յագլանդին եւ ԵԽ-ի այլ ղեկավարների կոչ է արել «հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Ուկրաինայում կատարվող իրադարձություններին` այդ բարեկամական եվրոպական երկրի ներքին գործերին արտաքին միջամտություն թույլ չտալու նպատակով»:

Բացի այդ, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ  հեռախոսազրույցում  հայտարարել է Ուկրաինայի «ընդդիմադիր գրոհայինների» կողմից վարչական շենքերի գրավման հարցում եվրոպացի գործընկերների ոչ համարժեք արձագանքի մասին։

ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտը հայտնում է, որ «Սերգեյ Լավրովը գերմանացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ուկրաինայի մի շարք ռեգիոններում ընդդիմադիրներրի կողմից վարչական շենքերի գրավման եւ  եվրոպացի գործընկերների ոչ համարժեք արձագանքի վրա»։