Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ակտիվիստները գրավել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը:
Շենքը գրավել են հունվարի 26-ի երեկոյան: Այս պահին ոչ ոքի չեն թողնում շենք, այդ թվում` լրագրողներին: Միաժամանակ, փողոցում մնացած բողոքողները ձյունով պարկեր են պատրաստում` բարիկադներ կառուցելու համար: Օգտագործվում են նաեւ աղբարկղերը, հայտնում է TCH.ua-ը:
Քիչ ավելի ուշ Դանիլյուկը լրագրողներին հայտնել է, որ արդեն երրորդ նախարարությունն է գրավվել «Ընդհանուր գործ» շարժման կողմից` առանց զոհերի եւ տուժածների: Նա վստահեցրել է, որ այժմ շենքի աշխատասենյակները կկնքվեն, իսկ երկուշաբթի արդարադատության նախարարության աշխատակիցներն անցագրերով կարող են մտնել աշխատասենյակ եւ հավաքել իրերը կամ շարունակել աշխատանքը, եթե այն ուղղված չի լինի ուկրաինացիների սահմանադրական իրավունքների դեմ:
«Եթե նախարարությունը ցանկանում է սահմանափակել իրավունքները, ապա այդպիսի նախարարություն մեզ պետք չէ: Եթե ցանկանում է վերականգնել մարդկանց սահմանադրական իրավունքները, ապա կաշխատի: Եթե նախարարը չցանկանա, կխոսենք տեղակալի հետ» , - հայտնել է Դանիլյուկը, նշելով, ամեն ինչ կորոշվի վաղը:
Նշենք, որ ընդդիմադիր առաջնորդներից Վիտալի Կլիչկոն փորձել էր շարժման ակտիվիստներին համոզել ազատել շենքը, սակայն նրա առաջարկը չէր ընդունվել:
Արդարադատության նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, որ ծրագրում է դիմել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդ` խնդրելով քննարկել արտակարգ իրավիճակի ռեժիմ կիրառելու հնարավորությունը, եթե ցուցարարներն անմիջապես չազատեն արդարադատության նախարարության շենքը:
Բացի դրանից, Լուկաշը նախատեսում է դիմել նախագահ Վիկտոր Յանուկովիչին` խնդրելով դուրս գալ ընդդիմության հետ բանակցային գործընթացից: Չնայած դրան` ակտիվիստները մտադիր չեն ազատել նախարարության շենքը:




























