Թունիսի ազգային ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որին կողմ են քվեարկել 216 պատգամավորներից 200-ը:
Սահմանադրության նոր տարբերակը իսլամն ամրագրում է որպես երկրի պետական կրոն, սակայն դրույթներ է պարունակում նաեւ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, օրենքի գերակայության եւ պետության աշխարհիկ բնույթի մասին: Սահմանադրությունը նաեւ երաշխավորում է դավանանքի ազատություն Թունիսում, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Սահմանադրության վերջնական բովանդակության շուրջ պատգամավորները համաձայնության էին հասել հունվարի 24-ին: Թունիսի նոր Սահմանդրության վրա սկսել էին աշխատել 2011թ., երբ ժողովրդական ապստամբության հետեւանքով պաշտոնանկ էր արվել Զին էլ Աբիդին Բեն Ալին:




























