Տասնյակ հազարավոր մարդիկ Փարիզում մասնակցել են «Ցասման օրվա» հակակառավարական ցույցին:  Կազմակերպիչները պնդում են, որ ցուցարարների թիվը շուրջ 160 հազար էր, այնինչ, ոստիկանության տվյալով, ընդամենը 17 հազ. մարդ:

Բողոքների հիմնական մասն ուղղված է եղել սոցիալիստների կառավարությանը եւ նախագահ Ֆրանսուա Օլանդին: «Օլանդը հարկում է ամեն ինչ: Մենք այնքան ենք հոգնել դրանից: Հեյ, նախագահ, լսում ես ինձ, ժողովուրդն ապստամբել է, սա հեղափոխություն է», - լրագրողներին ասել է Բրետանում  2013թ. հիմնված «Կարմիր գլխարկներ» շարժման ակտիվիստներից մեկը:

«Այս իրադարձությունը բացառիկ է նրանով, որ համախմբվել են տարբեր տեսակետների տեր մարդիկ, որոնք տարատեսակ պատճառներով են ցասում արտահայտում», - հայտարարել է Բեատրիս Բուրժը`«Ֆրանսիական գարուն» շարժման մամուլի քարտուղարը, հայտնում է rbc,ru-ն` վկայակոչելով Reuters-ը: Այս մասին օրենքը սոցիալիսների կառավարությունն ընդունել է 2013-ի մայիսին` չնայած  բազմամարդ ցույցերին:

Հաղորդվում է, որ ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են սկսվել. գազազած ամբոխը հարձակվել է ոստիկանների վրա, երբ ցույցը սկսել են ցրել:   Խռովությունների ընթացքում տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել 19 ոստիկաններ: Դիմակներով արմատական տրամադրված ցուցարարները ոստիկանների վրա շշեր եւ վառվող նյութեր են նետել: 

Ըստ ոստիկանության` ձերբակալվել է «ցասման օրվա» 150 մասնակից: Ավելի վաղ ձերբակալվել էր զենքի արգելված տեսակներ կրելու մեջ մեղադրվող  12 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են հարկերի կտրուկ աճից հետո կայունացնել  պարտադիր վճարների մակարդակը` ՀՆԱ-ի  46,1% -ից մինչեւ 45,8% աստիճանական նվազմամբ: Բացի դրանից,  կառավարությունը պատրաստվում է արագացնել  տնային տնտեսությունների հարկերի նվազեցումը: Նույն նպատակներով խոսակցություններ են տարվում նաեւ կառավարության եւ խոշոր ձեռնարկությունների միջեւ  «պատասխանատվության դաշնագիր» կնքելու մասին: