Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը Օլիմպիադային նախաշեմին հայտարարել է, որ քաղաքում ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ չկան: BBC - ի հետ զրույցում նա նշել է, որ անձնական կյանքն իշխանություններին չի վերաբերում, սակայն տարածաշրջանում «դա ընդունված չէ»:

Հարցին, թե արդյոք գեյերը ստիպված են լինում թաքցնել կողմնորոշումը, Պախոմովը ժխտող պատասխան է տվել:

«Ոչ, մենք պարզապես ասում ենք, որ դա ձեր գործն է, ձեր կյանքը: Սակայն Կովկասում  ընդունելի չէ: Մենք քաղաքում  այդպիսի ակումբներ չունենք», - հայտարարել է Անատոլի Պախոմովը:

Իր հերթին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը Պախոմովի այդ հայտարարությունները ծիծաղելի է համարում:

«Որքան ես գիտեմ, Սոչիում գեյ-ակումբներ կան»,- ի պատասխան քաղաքապետի` ասել է Նեմցովը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սոչիի Օլիմպիադայում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին ոչ մի վտանգ չի սպառնա: