Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Լիանա Անիկյանը Բերդի հոսպիտալից դուրս կգրվի 5 օրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ աղջկա վիճակը լավ է, կարողանում է կանգնել, թեթեւ քայլում է, բայց դեռ ցավեր ունի: Լիանա Անիկյանը, հոսպիտալի պետի փոխանցմամբ, կկարողանա լիարժեք քայլել 10-15 օրից: Էդիկ Գրիգորյանը վստահեցրեց, որ միջադեպը որեւէ ազդեցություն չի ունենա աղջկա հետագա կյանքի վրա:
Հիշեցնենք, որ Լիանա Անիկյանը վիրավորվել էր տանը՝ թշնամու կրակոցների հետեւանքով: Վնասվել էին նրա ստորին վերջույթները: Վիրավորված աղջիկը ազատամարտիկ Դավիթ Անիկյանի դուստրն է, ով այժմ եւս գտնվում է պայմանագրային ծառայության մեջ:




























