Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ՌԴ-ում գտնվելու ժամանակահատվածում առաջին անգամ հեռուստատեսային հարցազրույց է տվել NDR հեռուստաընկերությանը:
Հարցազրույցը գերմանական հեռուստաալիքը ցուցադրել է հունվարի 27-ին: Սնոուդենը, ինչպես սպասելի էր, խոսել է լրտեսության մասին:
Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման հետ կապված` Սնոուդենն ասել է.
«Մենք գիտենք, Անգելա Մերկելն ԱԱԳ-ի հսկողության տակ էր: Հարցն այն է, թե որքանով է տրամաբանական , որ նա կառավարության միակ անդամն է, որին հետեւում են: Քիչ հավանական է, որ գերմանական կառավարության մտադրություններով հետաքրքրվողը միայն Մերկելին է հետեւում` անուշադրության մատնելով նրա խորհրդականներին եւ հանրային խորհուրդների անդամներին», - ասել է Սնոուդենը:
Ավելին, ըստ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի` ԱՄՆ-ի ԱԱԳ-ն տեղեկություններ է ստանում գերմանացիների վերաբերյալ:
«Միլիոնավոր տվյալներ են հավաքվում առօրյա կյանքի ց` երբ են մարդիկ զանգում, sms ուղարկում, դիտում web էջեր, առցանց խանութներից գնումներ կատարում. Այս բոլորն ԱԱԳ-ի համար հասանելի են լինում », - ասում է Էդվարդ Սնոուդենը:
Ըստ նրա` Ռուսաստանում ինքն իրեն ապահով է զգում, գիտի, որ հայրենիքում իրեն պատրաստ են ֆիզիկապես վերացնել:
Եվ չնայած այդ ամենին` Սնոուդենը պատրաստ է ԱՄՆ-ի իշխանությունների հետ քննարկել հայրենիք վերադառնալու հարցը, ճիշտ է, միայն համաներում ստանալու պայմանով, հայտնում է Առաջին ալիքը` վկայակոչելով NDR-ին:




























