Սիրիական հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանից. այժմ սիրիական մարտերում ներգրավված են նույնիսկ Ադրբեջանից մեծ թվով վարձկաններ, որոնք շատ հաճախ պայքարում են միմյանց դեմ: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:

«Մուսուլմանական տարբեր երկրներից հավաքագրվում են եւ գնում` մասնակցելու սիրիական պատերազմին եւ ներգրավվում են բռնությունների եւ դաժանությունների մեջ»,- ասաց Արաքս Փաշայանը:

Արաբագետի խոսքով` Ադրբեջանում խոսվում է այն մասին, որ գուցե այդ ռեսուրսը պետք է ուղղել այլ շրջաններ, մասնավորապես Արցախ. «Այսքանից հետո հնարավոր չէ գուշակել, թե որ ուժն ինչի համար է պայքարում Սիրիայում»:

Արաքս Փաշայանն անդրադարձավ նաեւ «Ժնեւ-2» համաժողովին` ընդգծելով, որ համաժողովից հետո էական փոփոխություններ չկան. «Փոփոխություններ չկան նույնիսկ գերտերությունների դիրքորոշումներում: Կարծում եմ, որ բանակցությունները սիրիական կառավարության եւ ընդդիմության միջեւ պետք է շարունակվեն դռնփակ»: