«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա այժմ «Դատապարտյալների հիվանդանոցում» երիկամում առկա քարերի պատճառով բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:
Դեռ հայտնի չէ, թե Շանթ Հարությունյանը ինչքան ժամանակ կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում», հնարավոր է մեկ շաբաթ, տասը օր կամ մեկ ամիս, դա կախված է բուժման ընթացքից: Ի դեպ, փաստաբանը դեռ դատախազությունից չի ստացել քննչական խմբին բացարկ հայտնելու վերաբերյալ իր միջնորդության պատասխանը: Նա շեշտեց, որ Շանթ Հարությունյանի հետ մինչ օրս որեւէ քննչական գործողություն չի կատարվել, սակայն նույնիսկ այդ պայմաններում ենթադրում է, որ փետրվարի վերջին՝ իր պաշտպանյալի կալանքի ժամկետի ավարտին, քննիչը նորից միջնորդությամբ կդիմի՝ խափանման միջոցը երկարացնելու համար:
Ինեսա Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ Շանթ Հարությունյանի մյուս ընկերները, ովքեր եւս հացադուլ էին հայտարարել, դուրս են եկել հացադուլից, նրանց առողջական վիճակը նորմալ է, գտնվում են ՔԿՀ-ներում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին կալանավորել են եւ մեղադրանք առաջադրել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար: 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին հունվարի 9-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:




























