«Վիլայաթ Դաղստան» խմբավորումը, որն ավելի վաղ ստանձնել էր Վոլգոգրադի 34 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտարարել է, որ ռուսաստանցիները պետք է Վլադիմիր Պուտինի դեմ դուրս գան, այլապես նրանց նոր հարձակումներ են սպասվում: Սոչիի օլիմպիադայի մասին նրանք այս անգամ չեն հիշատակել:
«Վիլայաթ Դաղստանի» անդամները հայտարարությունը տեղադրել են խմբավորման կայքում:
Գրոհայինները գրել են, թե «Կրեմլի հանցախմբի առաջնորդները ձեզանից եւ ձեր երեխաներից հրանոթի միս են սարքում, եւ իրենք միլիարդներ ստանում այդ պատերազմում: Եթե չգլխատեք այդ հիդրային, հանգիստ կյանքի երես չեք տեսնի»:
Ռուսական իրավապահ մարմինները զերծ են մնացել մեկնաբանություններից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խմբավորումը Ռուսաստանի նախագահին նախազգուշացրել էր երկու շաբաթ անց սկսվող Օլիմպիական խաղերի ժամանակ «նվեր» ակնկալելու վերաբերյալ:
Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Օլիմպիադան առանց միջադեպերի է տեղի ունենալու:
Վերջերս եվրոպական հինգ երկրների Օլիմպիական կոմիտեներ սպառնալիքներով նամակներ էին ստացել, սակայն ռուսական պաշտոնյաներն այդ նամակները սադրանք էին անվանել` նորից հայտարարելով որ հավաքականների եւ երկրպագուների անվտանգությանը ոչինչ չի սպառնում:




























