«ՈՒԴԱՐ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հրաժարվում է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից: Այս մասին նա հայտարարել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ընդդիմության բանակցություններից հետո, հայտնում է նրա կուսակցության մամուլի ծառայությունը:
«Իմաստ չունի ինձ հետ քննարկել կառավարությունում աշխատանքը: Նույնիսկ այդ հարցը բարձրացնելն իմաստ չունի», – ասել է Կլիչկոն, հայտնում է «ՆԲՆ»-ն:
Նա հավելել է, որ նախագահը պետք է դադարի ապրել «ջերմ տեղեկատվական կլիմայում», որը նրա համար ստեղծում են շրջապատողները, հայտնելով, որ երկրում ամեն ինչ լավ է, եւ որ հրապարակներում կատարվող իրադարձությունները «ծայրահեղականների» փոքր խմբերի կողմից մտացածին բաներ են:
Կլիչկոն նաեւ հույս է հայտնել, որ Յանուկովիչը արտակարգ դրության ռեժիմ չի կիրառի:
Նշվում է, որ հունվարի 27-ին նախագահ Յանուկովիչի եւ ընդդիմության առաջնորդների` Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի եւ Օլեգ Տյագնիբոկի հանդիպումը տեւել էր չորս ժամ: Յացենյուկը մերժել էր կառավարությունը գլխավորելու նախագահի առաջարկը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:




























