Բրազիլիայում շարունակվում է ի պաշտպանություն ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ինտերնետային ստորագրահավաք-ակցիան: Այսպես, արդեն երկրի ավելի քան մեկ մլն քաղաքացիներ իրենց ձայնն են տվել, որպեսզի Բրազիլիայի իշխանությունները ապաստան տան ամերիկացուն:

«Որպես համացանցում ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության համար պայքարի առաջամարտիկ երկիր, Բրազիլիան Սնոուդենի համար իդեալական վայր է»,-վստահ են արշավի կազմակերպիչները:

Փաստաթուղթը հասցեագրված է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին եւ արդարադատության նախարար Ժոզե Կարդոզուին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սնոուդենը բաց նամակ էր հղել Բրազիլիայի իշխանությունները՝ առաջարկելով օգնել իրեն ԱՄՆ-ի կողմից հետապնդումներից պաշտպանվելու հարցում եւ իրեն քաղաքական ապաստան տալ, սակայն այդպես էլ պաշտոնական մեկնաբանություն չի ստացել:

Դրանից անմիջապես հետո Սան Պաուլուի բնակիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով Սնոուդենին ապաստան տալ: