Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով  կոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի  հարթակի վերածելու դեմ:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հարգելի գործընկերներ 

Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ժամանակն է  փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում  եւ ադրբեջանական խավիարը  այսուհետ համարել  քաղաքական լուրջ գործոն: Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի± անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրադավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը: Ավելին, մեր որոշ գործընկերներ իրենց պատվավոր տեղն ունեն Ադրբեջանի խավիրակիրների շարքերում: Սակայն, որեւէ անգամ ոչ մեր, ոչ էլ միջազգային որեւէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը՝ այդպես էլ որեւէ իրական քայլ չձեռնարկեցին՝ ժողովրդավարությունն ապականող այս երեւույթի դեմ: Արդյունքում, հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար եւ թափանցիկ: Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ: Եւ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արդարացավ Արլակին: Նա հայտարարեց, որ ստել ու կեղծել է՝ հանուն Իտալիայի  շահերի: Այսինքն,  նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում: Եվրոպական  խորհրդարանի ներկայացուցիչը, «էկոնոմիստ» պարբերականի տվյալներով Անգոլայից եւ Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել՝ հանուն Իտալիայի տնտեսական շահերի:  Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային  հայտարարություն՝ քաղաքական կոռուպցիայի մասին:

Բնականաբար, այս ամենը հետեւանք է այն անգործության, որ դրսեւորում են միջազգային կառույցները, այ թվում  մեր Վեհաժողովը՝ Ադրբեջանի նավթախավիարային  քաղաքականության հանդեպ:

Եւ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը Ամերիկայի Միացյալ նահանգներին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ: Ըստ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիեւին՝ 75 տոկոս ձայն: Բնականաբար, նման սկանդալային  հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք  շարունակելու են միջազգային  կառույցներին  նստեցնել  նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա: Ինչո՞ւ: Որովհետեւ չկա իրական  հակազդեցություն միջազգային հանրության  կողմից: Եւ երբ վերջերս  «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց:

Հարգելի գործընկերներ, իրական ազատության միակ գրավականը անկախությունն է: Թույլ չտանք, որ մեր կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները: