Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի եւ Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:
Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին եւ ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշեց կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության եւ աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների եւ կանանց առաջխաղաղացման հարցերի կարեւորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։ Նա կարեւորեց նաեւ հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը:
Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին ու զարգացման կարիքներին։
Նշենք, որ ՄԱԿ-ի կարեւորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԶԾ հիմնական գործառույթներից են Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականցումը, ՄԱԿ-ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրային նախաձեռնությունների խրախուսումը եւ այլն: Բաղկացած է 36 անդամներից:




























