«Գրիբոյեդով» ակումբն իսկապես գործում է, սակայն ոչ, թե գաղտնի է, այլ քննարկումները լրատվամիջոցներից փակ են պահվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Երեւանում կիսագաղտնիության քողի տակ գործող «Գրիբոյեդով» ակումբին, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը:
Նրա խոսքով՝ իրեն մի քանի անգամ հրավիրել են եւ մասնակցել է հանդիպումներին: «Մոսկվայից հյուրեր են գալիս եւ ճաշի սեղանի շուրջը հանդիպում ենք: Օրինակ, Ռուսաստանի մշակույթի նախարարը եկավ հանդիպեցինք, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, գործարար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը ես չեմ եղել»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ո՞րն է ակումբի նպատակը, նա պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ: Երեւի նպատակը պարզապես մերձեցումն է: Քաղաքական գործիչները շատ չեն: Այն ճաշկերույթներին, որտեղ ես եղել եմ, հիմնականում մշակութի գործիչներ են: Բազմաթիվ բանավեճեր են եղել եւ կապված երկու երկրներում տիրող իրավիճակից: Մեծ խոսակցություն առաջացրեց Ադրբեջանին զենքի վաճառքը: Ամեն ինչի մասին էլ խոսվել է: Ոչ թե գաղտնի է, այլ ընդունված է, որ թղթակիցների հետ չկիսվենք: Միգուցե ես ավելի շատ կիսվեցի: Իսկ պատճառը ոչ թե գաղտնի պահելն է, այլ որ մարդիկ կարողանան իրար հետ ազատ խոսել: Դա ընդունված ձեւ է»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ անդամագրումներ, անդամվճարի խնդիր չկա, այլ հրավեր են ներկայացնում եւ կարող ես գնալ, կարող ես չգնալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























