Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած եւ հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով:

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ եւ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ եւս պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով (ֆոտոռեպորտաժ):

ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգեւատրվածներին.

«Հարգելի՛ պարգեւատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ: Ձեր առաքելությունն առանձնահատուկ է: Դրա համար էլ այն կոչվում է ծառայություն եւ ոչ թե աշխատանք: Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում ձեր գործին եւ երախտագիտության զգացում ունի մեր բանակի եւ հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ:

Այսօր այստեղ են թե՛ կադրային սպաներ, թե՛ զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր, համաժողովրդական ուժ են: Անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում ու նաեւ վախենում է: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը: Այսօր ինձ է պատիվ վիճակվել հանձնել ձեզ Հայաստանի Հանրապետության պարգեւները, բայց դրանք մեր պետության եւ ամբողջ ժողովրդի կողմից տրվող գնահատականներն են: Ապրե՛ք, կեցցե՛ք դուք, որ մարմնավորում եք մեր կարողականությունը եւ դրսեւորում եք մեր ժողովրդի լավագույն որակները: Մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանկություն, անփորձանք ծառայություն: Շարունակե՛ք ձեր սուրբ գործը, շարունակե՛ք ձեր նախորդների փառավոր ավանդույթները: Շարունակե՛ք լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց նաեւ շարունակեք կատարելագործել ձեր ունակություններն ու հմտությունները:

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր հերոսներին անուն առ անուն: Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին եւ նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի զինվորի եւ արժանավոր հայորդու՝ Արմեն Հովհաննիսյանի պայծառ հիշատակը:

Շնորհակալ եմ:

Հարգելի ներկաներ,

Դուք իրավամբ այն մարդիկ եք, Հայաստանի այն քաղաքացիները, ում առաջ պատիվ է հնչեցնել Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը, ինչը ես կանեմ ձեր թույլատվությամբ: