Հունվարի 28-ին` Հայոց բանակի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի քահանաները եւ համայնքների անդամները կազմակերպել են այցելություններ ՀՀ ԶՈՒ-ի տարբեր զորամասեր:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ Հայ եկեղեցու հավատացյալներն իրենց հետ զինվորներին անհրաժեշտ պարագաներ ու հոգեւոր գրականություն են տարել:

Նույն օրը 11:30-ին ԱՀԹ Երիտասարդական միությունների անդամները արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն, որտեղ Սրբոց Նահատակաց եկեղեցում Տ. Պարթեւ քահանա Մուրադյանի մասնակցությամբ հոգեհանգստի կարգ է կատարվել:

Այսօր՝ երեկոյան ժամը 18-ին, թեմապատկան բոլոր եկեղեցիներում տեղի ունեցող հսկման արարողությունը նվիրված կլինի Հայոց Բանակի տոնին: Ժամերգության ավարտին կկատարվի Հոգեհանգստի կարգ բոլոր այն զոհված զինվորների հիշատակին, ովքեր ընկան «վասն հայրենեաց եւ վասն հավւատոյ»: