32-ամյա  Գրիգոր Ղազարյանը վիճել է կնոջ հետ եւ հեռախոսով տեսաձայնագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:  Դատաքննության ընթացքում տուժող Ռիտա Ղազարյանի ցուցմունք է տվել, այն մասին, որ Գրիգոր Ղազարյանի հետ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա: Ամուսնության ընթացքում բնակվել են Օձուն գյուղում Գրիգոր Ղազարյանի հայրական տանը: Ընտանեկան անախորժությունների պատճառով բաժանվել են, ինքը երեխաների հետ ապրում է նույն տանը իրեն հատկացված առանձին սենյակում:

Դեպքի օրը բակի խաղողը քաղելու պատճառով խոսակցություն է առաջացել իր եւ տագեր կնոջ Թերեզա Բարսեղյանի միջեւ, որին միջամտել է Գրիգոր Ղազարյանը: Վիճաբանության ընթացքում Գրիգորը իր մոր հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ: Երբ ինքը փոխադարձ սեռական բնույթի հայհոյանք է տվել Գրիգորի հանգուցյալ մոր հասցեին,նա փայտի կտորով, որը եղել է կացնի պոկված պոչ, իր կողքին կանգնած ժամանակ, մոտ տարածությունից դիտավորյալ հարվածել է իր ձախ ձեռքին եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Կինն ընդունել է, որ վիճաբանության ժամանակ փայտի կտորներ է նետել մի կողմի վրա, սակայն այդ փայտերից մեկով չէ, որ Գրիգորը իրեն հարվածել է:Նա ճիշտ չի ասում, որը փայտը նետել է իր ոտքերի տակ:Նա ուղղակի կացինի պոչով հարվածել է իր ձեռքին: Իսկ Գրիգոր Ղազարյանը իրենց վիճաբանությունը հեռախոսով տեսագրել եւ ձայնագրել է:

Քննելով գործը դատարանը վճռել է ամբաստանյալ Գրիգոր Սեյրանի Ղազարյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել տուգանքի Հայաստանի Հանարապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի` 60 հազար ՀՀ դրամի չափով: