Գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը , որը Տավուշի մարզի Վերին  Կարմրաղբյուր գյուղի բնակիչ է, 6 երեխա ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Նա ասաց, որ Մամիկոն Խոջոյանը տղայի եւ հարսի հետ էր ապրում: Կինը  եւ մի տղան մահացել են, իսկ վերջին թոռնիկը ամիսներ առաջ է  ծնվել: «Հարազատները դուրս էին եկել նրան փնտրելու, բայց ես ադրբեջանական լուրերով տեղեկացա, որ նա գերի է ընկել եւ զանգեցի տղային տեղեկացրեցի: Դե պատկերացրեք, թե նրանց վիճակը ինչպես պետք է լինի: Հիմա տեսնենք, թե ինչ կերպ է հնարավոր նրա հետ վերադարձը»,- ասաց գյուղապետը: 

Ավելի վաղ գյուղապետը ասել էր, որ  Մամիկոն Խոջոյանը հոգեկան հիվանդությամբ է տառապում: «Նա դիսպանսերում է գրանցված,  հիվանդ է: Կեսօրին գյուղացիները նրան տեսել են՝ դույլը ձեռքին, հարցրել են, թե, Մամիկոն, բա ո՞ւր ես գնում, ասել է, թե խաղողը քաղելու: Բայց այս ձմեռվա կեսին ի՞նչ խաղող: Դե այգիները գյուղից 8 կմ է հեռու, այդպես իջել է եւ պատահաբար սահմանն անցել»,- պատմել էր  Կամո Չոբանյանը: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախ հայտնել էին, որ հայ դիվերսանտ են բռնել, հետո էլ ստիպված էին հայտարարել, որ 65-ամյա տղամարդու են բռնել՝ սահմանը հատելու փորձ կատարելիս: Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել էր, թե հունվարի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Խոջոյանը (ըստ ադրբեջանցիների՝ մոտ 65 տարեկան, իրականում 75 տարեկան) ձերբակալվել է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից եւ հանձնվել զինվորականներին: Թովուզի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Մահիր Հասանովը հայտնել էր, թե ՀՀ քաղաքացին ձերբակալվել է գետն անցնելու փորձի ժամանակ:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելու, իբր ձերբակալվածը հայկական դիվերսիոն խմբի անդամ է: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է: