«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թղթակցին նոր մանրամասներ են հայտնի դարձել խիստ իշխանամետ հայացքներով հայտնի ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի՝ Երեւանում հիմնադրած «Գրիբոյեդով» ակումբի վերաբերյալ։
Պարզվում է, «Գրիբոյեդով» ակումբի հավաքներից մեկին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ինչով է սա ուշագրավ։
Նախորդ օրը ակումբի մասին մեզ որոշ մանրամասներ ներկայացնելով՝ այդ նույն ակումբի անդամ, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կտրականապես հերքել էր մեր այն դիտարկումը, թե այդ ակումբը գործում է գաղտնի, կամ առնվազն կիսագաղտնի ռեժիմով։
Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքներին պահվել է գաղտնի։ Ի՞նչ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարը, ի՞նչ է ասել, ի՞նչ հարցերի է պատասխանել, ո՞ր թեման է հատկապես հետաքրքրել «գրիբոյեդովականներին», ինչո՞ւ են նրան հրավիրած եղել...
Սրանք զուտ սպորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր չեն։ Խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի մասին է։ Անձ, ով ի պաշտոնե պետական գաղտնիք կրող է։ Ու վերջինս մասնակցում է մեղմ ասած մի անհասկանալի ակումբի աշխատանքների, մի քանի ժամ ինչ-որ բաներ է խոսում, հարցերի պատասխանում, կոնյակ ըմպում եւ այդ մասին ոչ մի տեղ բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չկա։
Երեկ մենք համացանցում վերջապես հայտնաբերեցինք «griboedoff.net» անվանումով կայքը, որն իբր ցույց է տալիս, որ այդ ակումբը գաղտնի չի գործում։ Կայքի անվանումը «ff» եւ«net» տառերով նշելը արդեն խոսում է այն մասին, որ փորձ է արվել մի կողմից առանձնապես հրապարակային չդարձնել կայքը, մյուս կողմից անհրաժեշտության դեպքում հայտարարել, թե իրենք հրապարակային են գործում։ Բայց նույնիսկ այդ պարագայում կայքում ակնարկ անգամ չկա, որ ակումբի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտգործնախարարը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























