Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է «իր ոճի» մեջ շփվել լրագրողների հետ: NEWS.am-ի թղթակիցը նրանից փորձել է պարզել Սպարտակ Ղուկասյանի Սամվել Բալասանյանի տուն այցելության մասին մանրամասներ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե ինչ կարծիքի է Գյումրիի ներկայիս քաղաքապետի՝ միջադեպին հնչեցրած գնահատականների մասին:
«Եկեք մյուս անգամ մեր հարցերով մի զբաղվեք հա՞, հաջողություն»,-ասաց քաղաքապետը եւ անջատեց հեռախոսը: Երբ երկրորդ անգամ զանգահարեցինք Վարդան Ղուկասյանին, նախկին քաղաքապետը այսպես արձագանքեց. «Դուք աննամո՞ւս եք, մյուս անգամ զանգ չտաս, հաջողություն»:
Նշենք, որ նամուսից խոսող Վարդան Ղուկասյանը այն քաղաքապետն է եղել եւ առհասարակ Հայաստանի այն եզակի քաղաքական գործիչներից մեկն է, ով մշտապես հայտնվել եւ նույնիսկ այժմ՝ պաշտոնանկությունից հետո էլ հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ավելին՝ քրեական տարբեր միջադեպերի կենտրոնում հայտնվում է ոչ միայն նախկին քաղաքապետը, այլ նրա ընտանիքի անդամները, հարազատները:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին, ավելի ուշ դրանք արդեն հայտնվել են համացանցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:




























