Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ բանակցությունները կարող են նաեւ հաջողությամբ չավարտվել, սակայն ԱՄՆ-ն հույսը դնում է ոչ թե վստահության, այլեւ մանրամասն ստուգումների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Այս բանակցությունները բարդ են: Դրանք կարող են հաջող չլինել: Մենք գիտենք, որ Իրանը աջակցում է ահաբեկչական խմբավորումների, ինչպիսին է «Հզբոլլահը», եւ որոնք սպառնում են մեր դաշնակիցներին»,-ասել է Օբաման՝ դիմելով Կոնգրեսին:

Հիշեցնենք, որ միջազգային միջնորդների «վեցյակը» 2013-ի նոյեմբերի  24-ին պայմանավորվել է Իրանի հետ, որ երկիրը կտրուկ կերպով կկրճատի ուրանի հարստացումը ու կնվազեցնի արդեն իսկ հարստացված ուրանի կոնցենտրացիան: Դրա դիմաց կկրճատվեն միջազգային պատժամիջոցները: