Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդի նախաձեռնությամբ երկրում մեկնարկում է կանանց նամակների միջոցով բանակում ընդգրկելու փորձը:

Նպատակային խմբի համար ընտրվել են Բիրքալանդ նահանգում ապրող 19-20 տարեկան աղջիկներ: Նրանք բոլորը նամակներ կստանան, որոնցում տեղեկություններ կլինեն զինծառայություն անցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ հանդիպման հրավեր, որի ժամանակ հնարավորություն կլինի ուղղել  հետաքրքրող հարցերը:

Հանդիպումներին մասնակցելը կամավոր կլինի: Բացի այդ, ֆիննական ԶՈՒ-ն միաժամանակ ցանկանում է ակտիվությունը  մեծացնել սոցցանցերում՝ երիտասարդ լսարանին հասու լինելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ եթե փորձը հաջող անցնի, զորակոչի այս մոդելը կտարածվի Ֆինլանդիայի ողջ տարածքում:

Ֆինլանդիայի բանակում կանանց ծառայությունը 1995թ.-ից կատարվում է կամավորության սկցբունքով: Ամեն տարի բանակում նման  500 կամավորների են ընդգրկում:

Ի տարբերություն շատ երկրների՝ Ֆինլանդիայում կանանց թույլատրվում է ծառայել բոլոր տեսակի զորքերում, այդ թվում՝ հատուկ նշանակության: