«Հայազն» կուսակցության կոնֆլիկտը «Զորակն» հիմնադրամի հետ չէր. «Հայազնը» ու «Զորակնը» երբեք խնդիրներ չեն ունեցել միմյանց հետ: Այս մասին այսօր` հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայազնի» ներկայացուցիչ Արմեն Աղայանը` անդրադառնալով «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի` «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրյանին  ծեծի ենթարկելու դեպքին:

«Դանակահարողը ներողություն է խնդրել Գրիգորից, բժշկական ծախսերն է հոգացել: Դրանից հետո գործ չի հարուցվել»,- ասաց Արմենը:

Արմենի խոսքով` «Զորակնը» արդեն մի քանի տարի փորձում է կոնֆլիկտ առաջացնել ազգայնական ուժերի միջեւ. «Մի քանի տարի առաջ մեր անդամներից Արմեն Մկրտչյանը բանավիճել էր Մարինե Պետրոսյանի հետ, որից հետո «Զորակնը» հայտարարեց, որ տեսեք` «Հայազնն» այլեւս նույնասեռականներին դեմ չէ, Մարինե Պետրոսյանի հետ նստած բանավիճում է»:

Լրագրողների այն հարցին, թե «Հայազն» կուսակցությանը որտեղից տեղեկատվություն «Զորակնի»` նախագահականից ֆինանսավորվելու մասին, Արմեն Աղայանը դժվարացավ պատասխանել:

«Ես «Զորակնի» կնիքը բազմից տեսել եմ Կարեն Վրթանեսյանի դարակում: Հենց Կարենը մտավ նախագահական, հիմնադրամը սկսեց աճել, մեծ գումարներ սկսեցին պտտվել: Մենք էլ ենթադրում ենք, որ իշխանություններն են օգնում «Զորակնին»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Հայազն» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:

«Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը»,- հայտարարել էր կուսակցությունը: