Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքում, որը գրավել են ընդդիմության ակտիվիստները, փոխհրաձգություն է սկսվել: Փորձում են շենքից դուրս հանել «Ընդհանուր գործ» շարժման անդամներին:

Հակառակորդ կողմի  ինքնությունն առայժմ պարզ չէ: Շենքում կրակոցներ են հնչում, նռնակներ են նետվում:  Ներխուժելու փորձ կատարած անձանց խումբը պնդում է, որ շենքն ազատելու վերաբերյալ պատգամավորական կարգադրություն ունեն:

Կարգադրության հեղինակն անհայտ է մնացել, քանի որ գրոհողների վրա հինգերորդ հարկի պատշգամբից ջուր են լցրել, դեպքի վայրից հայտնում է aif.ua-ի թղթակիցը:

Հաղորդվում է, որ շենքից սկսել են հեռացնել վիրավորներին: Լրագրողներին ներս չեն թողնում:

Ըստ հրատարակչության՝ ավելի ուշ պարզվել է, որ գրոհի փորձին մասնակցել են  «Սոտնի Սվյատոսլավա» («Եվրամայդանի» կողմնակից ազգայնականների ջոկատ) անդամները:

Հիշեցնենք, ագրարային քաղաքականության նախարարության շենքը նախորդ շաբաթ  գրավել էին Ընդհանուր գործ» շարժման անդամները: