Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում սպասում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, որ նրանց ներկայացնեն Ադրբեջանի սահմանը հատած, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ կապված իրավիճակը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վերին Կարմրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ գերի ընկած համագյուղացու որդու հետ երեկ գնացել են ոստիկանություն եւ հայտարարություն տվել, որ Մամիկոն Խոջոյանը անհետ կորել է: «Մեզ ասացին, որ այսօր մինչեւ 16.00-ն Կարմիր Խաչի ներկայացուցիչները կգան գյուղ»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ է: Գյուղապետը պատմել էր նաեւ, որ Մամիկոն Խոջոյանը հոգեկան հիվանդությամբ է տառապում: «Նա դիսպանսերում է գրանցված, հիվանդ է: Կեսօրին գյուղացիները նրան տեսել են՝ դույլը ձեռքին, հարցրել են, թե, Մամիկոն, բա ո՞ւր ես գնում, ասել է, թե խաղողը քաղելու: Բայց այս ձմեռվա կեսին ի՞նչ խաղող: Դե այգիները գյուղից 8 կմ է հեռու, այդպես իջել է եւ պատահաբար սահմանն անցել»,- պատմել էր Կամո Չոբանյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախ հայտնել էին, որ հայ դիվերսանտ են բռնել, հետո էլ ստիպված էին հայտարարել, որ տարեց տղամարդու են բռնել՝ սահմանը հատելու փորձ կատարելիս: Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել էր, թե հունվարի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Խոջոյանը ձերբակալվել է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից եւ հանձնվել զինվորականներին: Թովուզի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Մահիր Հասանովը հայտնել էր, թե ՀՀ քաղաքացին ձերբակալվել է գետն անցնելու փորձի ժամանակ:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելու, իբր ձերբակալվածը հայկական դիվերսիոն խմբի անդամ է: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է:




























