«ԵԿՄ ղեկավարը պաշտոն լինելուց առաջ պատասխանատվություն է: Հավատացեք, ես չեմ խնդրել, որ ինձ ընտրեն այս պաշտոնում»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԿՄ-ի համագումարին:
Պարոն Գրիգորյան, ԵԿՄ համագումարի օրը արդեն որոշվե՞լ է, թե՞ ոչ, եւ այս համագումարը ինչո՞վ է տարբերվելու նախորդներից:
Կազմկոմիտեի նիստում որոշվեց, որ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին: Սա պատմական համագումար է լինելու: Այն առումով, որ հոբելյանական է` 10-րդը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած Երկրապահ կամավորականների միությունն արդեն տասներորդ համագումարն է անցկացնում: Ուրեմն պարտավոր ենք համագումարը բարձր կազմակերպվածությամբ անցկացնել: Համագումարը գնահատական է տալիս նախորդ 2 տարվա ընթացքում կառույցի կատարած աշխատանքներին: Նախանշում է առաջիկա 2 տարվա անելիքները, առաջնահերթությունները: Համագումարն ընդունում է հայտարարություն, որով վերաբերմունք է արտահայտում կարեւորագույն պրոցեսների, պետական, ազգային արժեքների նկատմամբ: Համագումարը նաեւ 2 տարի ժամկետով ղեկավար մարմիններ է ընտրում` վարչություն, վերստուգիչ հանձնաժողով:
Իսկ ԵԿՄ ղեկավարի պաշտոնի թեկնածուներն ովքե՞ր են:
ԵԿՄ ղեկավարը պաշտոն լինելուց առաջ պատասխանատվություն է: Հավատացեք, ես չեմ խնդրել, որ ինձ ընտրեն այս պաշտոնում: Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո երկրապահական ընտանիքն ուղղակի ինձ պարտադրեց ստանձնել ԵԿՄ վարչության նախագահի պարտականությունը: Ես հպարտ եմ, որ Սպարապետի գործը շարունակողի դերն ինձ է վստահվել: Սա հեշտ գործ չէ: Մենք պետք է ուշադիր լինենք ազգային շահերի նկատմամբ, պետք է պաշտպանենք երկրապահ ազատամարտիկների, զոհված, հաշմանդամ եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների շահերը, պետք է երիտասարդ եւ պատանի սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվենք, ապահովենք բանակի ռեզերվը, բանակին պատրաստի կադրեր մատակարարենք: Հլը հարցրեք` կա՞ մեկը, որ կուզենա այս բեռի տակ մտնել:
Ասացիք, որ հայտարարությունն արտահայտելու է ԵԿՄ վերաբերմունքը տարբեր պրոցեսներին: Չե՞ք մանրամասնի` ի՞նչ կոնկրետ խնդիրների եք անդրադառնալու:
Հայտարարության տեքստն ընդունվում է համագումարում: Ես կարող եմ ներկայացնել, թե ընդհանրապես Երկրապահը որ հարցերն է համարում երկրի, պետության, ժողովրդի համար առաջնային եւ ինչ դիրքորոշում ունի այդ հարցերում: Այսպես, մենք պետք է ուշադիր լինենք երկրապահ ազատամարտիկների, հայրենիքի պաշտպանության եւ ազատագրման համար զոհված, անհայտ կորած, հաշմանդամ դարձած երկրապահների ընտանիքների խնդիրների նկատմամբ: Երկրապահը զոհված մարտական ընկերների պատգամն ունի` պահպանել ազատ եւ անկախ Արցախը: Երկրապահի կարեւորագույն խնդիրներից է նոր սերնդի ճիշտ դաստիարակությունը: Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում. «Մեր երեխան, դպրոցից սկսած, պիտի իմանա` ինքն ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի եւ ուր է գնալու»: Մենք պետք է պատանի, երիտասարդ երկրապահներին այնպես դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինեն պաշտպանելու իրենց սրբությունները` մորը, ընտանիքը, հայրենիքը: Եթե կուզեք` նոր սերնդի ճիշտ դաստիարակությունն ինձ համար կարեւորագույն խնդիր է: Ես միշտ ասել եմ: Կարեւոր է ոչ միայն ձեռք բերելը, այլեւ ձեռքբերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: Այս առումով մեծ պատասխանատվություն կա երիտասարդ, պատանի սերունդների ուսերին: Ես հավատում եմ երիտասարդությանը, այսինքն` հավատում եմ Հայաստանի ապագային: Իմ համար կարեւոր է, որ թոռներս, Վազգեն որդիս լինեն պատանի երկրապահ: Կարեւորություն ենք տալիս եւ այն փաստին, որ կարողացանք օրենքով ամրագրել երկրապահ կամավորականի կարգավիճակը: Սա հսկայական բարոյական նշանակություն ունի: Պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականին: Երկրապահը նաեւ մտահոգ է, որ հանուն խաղաղության մենք միշտ թշնամուց ավելի զորեղ բանակ ունենանք: Դրա համար կարեւորում ենք, որ բանակում ծառայելը հայ մարդու համար պատիվ լինի, իսկ հայկական բանակի սպան լինի մեր հասարակության ամենահարգարժան եւ պաշտպանված խավը:
Իսկ անդրադարձ չի՞ լինելու սոցիալական խնդիրներով հանրահավաքներ անցկացնող ազատամարտիկներին:
Այսօր մեր երկրում բազում սոցիալական խնդիրներ կան: Նման հարցերով ինձ, որպես ԱԺ պատգամավորի եւ որպես ԵԿՄ վարչության նախագահի, ամեն օր շատ ու շատ մարդիկ են դիմում: Բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ քանի դեռ պատերազմի մեջ ենք, ամենակարեւորը պաշտպանված սահման ունենալն է: Երեկ Բանակի տոնն էր: Ես, օգտվելով առիթից, շնորհավորեմ մեր սահմանապահ ժողովրդին տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանին, մեր նահատակ ընկերներին, մայրերին: Առանձնահատուկ շնորհավորում եմ Գրետա մայրիկին, հերոսներ ծնած մեր մյուս հերոս մայրերին: Շնորհավորում եմ այն երիտասարդներին, որ այսօր կանգնած են սահմանին եւ մեր անդորրն են հսկում: Շնորհավորում եմ ողջ բանակին` շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Ի դեպ, մենք շատ կարեւոր ենք համարում, որ Երկրապահի կարեւորած խնդիրներին տեղյակ է եւ դրանց լուծմամբ հատկապես շահագրգիռ է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք էլ պետք է գիտակցենք, որ թվարկված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համախմբում, միասնականություն: Միայն միասնությամբ կարող ենք հասնել համազգային խնդիրների լուծմանը: Պատմությունը ցույց է տվել, որ միասնական հայությունն անպարտելի է:
Եվ վերջին հարցը` ինչպե՞ս եք գնահատում սահմանին ադրբեջանական կողմի ակտիվացումը:
Հենց դրա համար եմ ասում, որ պետք է միասնական լինենք: Թուրքը միշտ էլ աչք է ունեցել մեր հողին, միշտ էլ հայի արյուն է տենչացել: Մենք պետք է մեր ռեսուրսների մեծ մասը ներդնենք բանակի հզորացմանը, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերմանը: Մի անգամ էլ կրկնեմ մի քանի անգամ ասածս: Պետք է հայ սպան վստահ լինի, որ իր ընտանիքն ամեն ինչով ապահովված է, հայ զինվորը պետք է վստահ լինի, որ իր ընտանիքում ամեն ինչ կարգին է, որպեսզի կարողանան ամբողջությամբ նվիրվել սահմանի պաշտպանության` սրբազան գործին: Արմեն Հովհաննիսյանի նման տղաները պետք է օրինակ լինեն մեր երիտասարդության համար: Արմենն իսկական հերոս է: Մեր ժամանակների իսկական հերոսը հենց Արմենն է: Նա եւ իր նմանները հավերժ մնալու են հայոց պատմության մեջ, սերունդների հիշողության մեջ: Ու քանի դեռ մենք այդպիսի առյուծ տղաներ ունենք, քանի դեռ հայ մայրերն այդպիսի արծիվների են լույս աշխարհ բերում, հայը պետք է հաղթող լինի: Իսկ Ադրբեջանցիները հաջողություն չեն ունենալու: Հայոց բանակը չի կորցրել ֆաշիստ թուրքին տեղը դնելու ընդունակությունը:




























