Արաբական գարունը լուրջ փորձության է ենթարկում կրոնների բարեկամությունը, ուղղակիորեն վտանգի տակ է քրիստոնեության ճակատագիրը, կրոնների երկխոսությունն անհրաժեշտ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, Անտիոքի եւ Համայն Արեւելքի պատրիարք Հովհաննես X-ի հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ավանդական փոխգործակցությունը, բարեկամական, եղբայրական կապերը այժմ պահանջված են, քան երբեւէ, քանի որ, այսպես կոչված, «արաբական  գարնան» գործընթացների ընթացքում, որոնք լուրջ ցնցումներ են առաջացրել տարածաշրջանում, ուղղակիորեն վտանգի տակ է հայտնվել քրիստոնյաների ճակատագիրը, որոնք 2 հազար տարի ապրել են այստեղ խաղաղության եւ համաձայնության մեջ այլ ժողովուրդների հետ»,-ասել է ռուսաստանցի նախարարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ողղափառների եւ այլ քրիստոնյաների, մահմեդականների եւ այլ կրոնի հետեւորդների միջեւ բարեկամությունը լուրջ փորձության է ենթարկվում, ուստի մեր երկխոսությունը շատ կարեւոր է, որպեսզի թույլ չտալ իրադարձությունները զարգանան ամենավատ սցենարով»,-ընդգծել է Լավրովը: