Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում այսօր՝ հունվարի 29-ին, ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, եւ ըստ ընթացակարգի՝ պատգամավորները նրան հարցեր են ուղղել: Այս մասին NEWS..am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով Շուլցին հարց է ուղղել չճանաչված պետություններում տարատեսակ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ դեռեւս 2011թ ապրիլին ընդունած բանաձեւի կիրառման մասին:
«Ես հարցրեցի, որ ձեր խորհրդարանը նման բանաձեւ է ընդունել, սակայն Եվրոպական միության որեւէ կառույց, մասնավորապես՝ ԼՂՀ-ում որեւէ ծրագիր չի իրականացնում եւ որեւէ քայլ չենք տեսել բանաձեւի կատարման ուղղությամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Շուլցը նախ խուսանավեց պատասխանից՝ ասելով, որ գիտեք ԼՂՀ հարցի կարգավորումը Մինսկի խմբի մանդատն է, ես նրան ընդմիջեցի՝ ասելով, որ ես ԼՂՀ կարգավորման մասին չեմ հարցրել, այլ թե ինչու եվրոպական միության կառույցները չեն կատարում բանաձեւը: Նա անկեղծորեն խոստովանեց, որ անգիր չի կարող հիշել եվրոպական խորհրդարանի բոլոր բանաձեւերը եւ դա իր թերություն է:
Շուլցն ասաց, որ հիմա պատրաստ չէ պատասխանել իմ հարցին, թե ինչու չեն կատարվում բանաձեւերը, խոստացավ պարզաբանել, ուսումնասիրել եւ հարցին պատասխանել գրավոր»,- ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Շուլցը չտեսավ, թե ով է իրեն հարց ուղղողը եւ կարծեց, թե հարցը ուղղվել է ադրբեջանական պատվիրակությունից: Հարցը հնչելուն պես Եվրոպական խորհրդարանի նախագահը հետաքրքրվեց, թե հարցը ադրբեջանական պատվիրակությունից են ուղղում, բայց բացասական պատասխան ստացավ:




























