«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյուսելում հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախաձեռնի Ուկրաինայի հետ վարկային ու գազային պայմանավորվածությունների վերանայում, եթե իշխանության գա ընդդիմությունը:
Պուտինի այս հայտարարությունները շատերն արդեն իսկ գնահատել են` որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության պարտությունն ընդունելու եւ «Յանուկովիչից հրաժարվելու» խոստովանություն: Հասկանալի է, որ այս հայտարարություններով Պուտինը փորձել է գոնե մեղմել Ուկրաինայում օր օրի ավելացող հակառուսականության ալիքը:

Բայց ուկրաինացիների համար վստահաբար հակառուսականության ալիքը մեղմող գործոն կարող է դառնալ ոչ այնքան խոստացված վարկն ու գազի գնի զեղչի պահպանումը, որքան այն, որ, ի վերջո, Պուտինը սեփական քաղաքական հաշվարկներից կամ գուցե անելանելիությունից դրդված` ցույց է տվել, որ հարգում է Ուկրաինայի հասարակության ընտրությունը:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին գրեթե անհաղորդ մեր քաղաքական ուժերի, հատկապես` ընդդիմության համար տեղի ունեցողը կարող է գոնե մտորելու առիթ դառնալ: Հայաստանում իշխանության գալու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները մեր ընդդիմադիրները պայմանավորում են բացառապես Պուտինի բարեհաճությամբ: Վերջինս, սակայն, գերադասում է իր բարեհաճությունը նույնքան կարեւորող իշխանությանը:

Մինչդեռ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի նաեւ իշխանափոխության այլ՝ Պուտինի գործոնը շրջանցող տարբերակ: Ընդ որում, այդ դեպքում, Պուտինն ինքն է ձգտում բարեհաճության արժանանալ այն իշխանության կողմից, որի հաջողության հիմքում ընկած է Ռուսաստանի կողմից պարտադրվող վասալացման քաղաքականության դեմ պայքարը: Իհարկե, Ուկրաինայում դեռեւս իշխանափոխություն տեղի չի ունեցել, եւ չպետք է բացառել, որ առաջիկա զարգացումները կարող են կտրուկ փոխել իրերի դասավորությունը, այդ թվում՝ նույն Պուտինի դիրքորոշման մասով:

Սակայն գոնե այսօր տեղի ունեցողը ցույց է տալիս, որ, ինչպես կյանքում, այնպես էլ` մեծ քաղաքականության մեջ հարգում են արժանապատվություն ունեցողին, եթե անգամ դա հակառակորդ է կամ թշնամի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում