Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ, որը Կիեւ էր ժամանել` երկրում իրավիճակի կարգավորելուն նպաստելու բանակցությունների շրջանակներում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին: Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում:Ավելի ուշ Էշթոնը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ԵՄ-ն հուսով է, որ օրենք կընդունվի բողոքի մասնակիցների նկատմամբ համաներում շնորհելու վերաբերյալ:
Էշթոնը նաեւ հավելել էր, որ ԵՄ-ն ուշադիր հետեւում է Ուկրաինայի Սահմանադրության մեջ հնարավոր փոփոխություններ կիրառելու գործընթացին, հայտնում է ՈՒՆՆ-ը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էշթոնը Կիեւ այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներին:




























